ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի այսօր` սեպտեմբերի 11-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ Սըրբխեչը աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Հավանաբար այդ է պատճառը, որ տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են` ուլի խորովուն, մշոշը, ղափաման,գաթան, ոսպով շորվան: Սուրբ Խաչին նվիրված պարերից, մասնագետների կարծիքով, ամենահայտնին քոչարին է, որի հիմնական իմաստը խոյի պաշտամունքն է: Եվ, քանի որ ուլը, այծը՝ որպես խաղողը փչացնող կենդանի, մատաղ են արել, մորթելուց առաջ արձակած ձայնը կոչվել է նոխազերգություն կամ քաղենվագ: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին` հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր:
|