Գյումրիից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ողջի բնակավայրում Շիրակի մարզպետի ու մարզային իշխանության ներկայացուցիչների հանդիպումը բնակիչների հետ անցավ անմիջական մթնոլորտում, վերջիններս մարզպետին դիմեցին խմելու ջրի խնդրով: Արդեն երկար տարիներ համայնքի բնակիչների զգալի մասին խմելու ջուրը կամ մի քանի ժամով է հասնում կամ չի հասնում, ամառային ամիսներին հատկապես, այս խնդիրն առավել է սրանում: Խմելու ջրի խնդրով մարզպետին դիմեցին նաև Արեգնադեմ բնակավայրում, այստեղ կարևոր մտահոգություններից մեկն էլ դպրոցական շենքի կառուցումն են համարում: Արեգնադեմը 35 աշակերտ ունի, բնակիչները մարզպետի հետ զրույցում նշեցին, որ առանց դպրոցի բնակավայրից շատերը կհեռանան: Մարզպետը խնդրի արագ լուծումը կարևորելով նշեց, որ մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մշակվող ծրագրում Արեգնադեմի դպրոցն ընդգրկել են` հիմնախնդիրների գույքագրման ժամանակ: Մեղրաշատ բնակավայրում կայացած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նշեց, որ իրենց կողմից մի քանի համայնքների ոռոգման ցանցի նորոգման ծրագիր է մշակվել, որի իրականացման համար դիմել են Տարածքային զարգացման հիմնադրամին և սպասում են արձագանքին: Կարեն Սարուխանյանը գոհունակություն հայտնեց խնդիրների լուծմանն ուղղված համայնքի ղեկավարության ջանքերը և հորդորեց առավել հետևողական լինել: Մեղրաշատցիները Շիրակի մարզպետին այլ հոգսերով ևս դիմեցին` կարևորելով դեպի համայնք տանող ճանապարհի հիմնանորոգումը: Մարզային իշխանության ներկայացուցիչները շրջեցին նաև Մեղրաշատի դպրոցու, այն սպորտդահլիճ չունի: Այս տարի սեփական միջոցների տնտեսման հաշվին կարողացել են որոշակի կոսմետիկ նորոգումներ իրականացնել դասասենյակներում: Ուրախալի փաստն այն էր, որ նախորդ տարվա համեմատ դպրոցում աշակերտների թվաքանակի աճ է արձանագրվել, 60-ի փոխարեն ներկայումս 74 աշակերտ ունի դպրոցը: Մարզպետի հաջորդ կանգառը Բյուրակնում էր, որտեղ բնակիչները կարևորեցին ոռոգման ցանցի և համայնք տանող ճանապարհի նորոգման աշխատանքների իրականացումը: Կարեն Սարուխանյանը այնուհետև այցելեց Ամասիայի համայնքային նորակառույց կենտրոն, ծանոթացավ աշխատանքներին: Բանդիվան և Հովտուն բնակավայրերում շրջայցից հետո, Կարեն Սարուխանյանը այցելեց Հովտունի տարրական դպրոց: 1989 թվականին կառուցված դպրոցի շենքը անմխիթար վիճակում է, տանիքը քայքայված է, դպրոցում խոնավություն է տիրում, ինչն էլ հանգեցրել է շենքի քայքայմանը: Կարեն Սարուխանյանը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մշակվող ծրագիր ընդգրկել դպրոցի ոչ միայն տանիքի նորոգումը, այլև ներքին հարդարման աշխատանքների իրականացումը և ներկայացնել կառավարություն: Նշենք, որ մինչ համայնքներ մեկնելը, Շիրակի մարզպետը և մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը պատասխանատուների հետ այցելեցին Գյումրու թիվ 40 դպրոց, շրջեցին Ավստրիական թաղամասում գործող պոլիկլինիկայի մասնաշենքում, քանզի քննարկվում է պոլիկլինիկայի մի քանի սենյակներ դպրոցին տրամադրելու հարցը, եղան նաև Ավստրիական թաղամասի մանկապարտեզում: |